«Արմենպրես» լրատվական գործակալության
«Երևանյան բեսթսելեր» նախագիծն ապրիլի 3-ին «Մեգերյան կարպետ» գորգերի գործարանի դահլիճում
ամփոփեց 2016-2017 թվականների ամենապահանջված գրքերի մրցանակաբաշխության արդյունքները:
«Երբ ստեղծվեց նախագիծը, մեր
գաղտնի երազանքն էր, որ այն օգնի թե՛ ընթերցողին,
թե՛ հրատարակչին, թե՛ գրողին, քանի որ, մեր համոզմամբ, այսօր և միշտ լրատվամիջոցները
պետք է լինեն գրականության, գրքի կողքին. գիրքը մշտական հոգածության, խնամքի և ուշադրության
կարիք ունի»,- նշեց «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:
Նա նախագիծը մեթոդաբանական
առումով բարելավելու հույս հայտնեց: «Այժմ հրատարակիչների և գրավաճառ ընկերությունների
հետ քննարկում ենք այդ հարցը, որ առաջիկա տարիներին կարողանանք ավելի կանխատեսելի,
հետաքրքրական մեթոդաբանությամբ տարածել լավ գիրքը և ընթերցողին հետ բերել դեպի գիրք»,-ընդգծեց
Անանյանը:
«Ամենաշատ վաճառված ստեղծագործությունների
հեղինակ» անվանակարգում մրցանակի արժանացավ
երիտասարդ գրող և լուսանկարիչ Էդգար
Հարությունյանը «Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին» և «Չգտնված երիցուկներ» գրքերի համար
(«Անտարես» հրատարակչություն):
«Ես չեմ թաքցնում, որ իմ գրքերի
վաճառքի հաջողությունն ի սկզբանե կախված է եղել այն հանգամանքից, որ ես լուսանկարիչ
եմ և մեծ թվով հետևորդներ ունեմ: Նրանց, ովքեր շահարկում են այդ փաստը, միշտ ասում
եմ, որ եթե ես լվացքի փոշի արտադրեի, հազիվ թե այն նույն հաջողությամբ սպառվեր: Կարծում
եմ` գրել եմ այնպիսի գրքեր, որոնցում նկարագրված իրավիճակները հարազատ են երիտասարդ
աղջիկներին»,-խոստովանեց Հարությունյանը:
Նա հավելեց, որ իր գրքերն ինչ-որ
չափով նաև ուսուցողական են, և մարդիկ կարողանում են դրանցից որոշ դասեր քաղել: Գրողն
այդ ամենն ասում է` հիմնվելով իր ստացած հազարավոր
նամակների վրա:
«Ամենապահանջված թարգմանություն»
ճանաչվեց Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան»: Ստեղծագործության հայերեն թարգմանության
համար մրցանակը հանձնվեց գրքի թարգմանիչ Ռուզան Ազիզյանին («Վերնատուն» հրատարակչություն):
«Մանկական բեսթսելերների հրատարակիչ»
անվանակարգում ամենապահանջված մանկական ստեղծագործությունների հրատարակության համար
մրցանակի արժանացավ ՝ «Բուկինիստ» հրատարակչությունը:
«Լևոն Անանյանի անվան հատուկ
մրցանակ» հանձնվեց Մհեր Իսրայելյանին «Մի շան բախտ հին հայկական ճանապարհի վրա» գրքի
համար («Անտարես» հրատարակչություն):
Իսրայելյանի խոսքով` բավականին
ուշ է սկսել գրել: «Մարդիկ հավանում են իմ պատմվածքները: Գրելիս ցանկանում եմ իմ հույզերը,
ապրումները թղթին հանձնել` դրանք դարձնելով ընթերցասերների սեփականությունը»,-ասաց
գրողը:
«Նորամուտ» հատուկ մրցանակ»-ը
հանձնվեց Նարեկ Գալստյանին «Ախպարները» գրքի համար («Անտարես» հրատարակչություն):
«Այնտեղ, որտեղ ծաղկում են
վայրի վարդեր», «Վիլ-Էվրար» ստեղծագործությունների համար «Օտարագիր հայ հեղինակ» անվանակարգում
մրցանակի արժանացավ Մարկ Արենը («Բուկինիստ» հրատարակչություն):
«Ռետրոսպեկտիվ» հատուկ մրցանակ
հանձնվեց «Դարակ» հրատարակչությանը Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գրքի
համար:
«Բեսթսելերների հրատարակիչ» ամենապահանջված գրքերի հրատարակության համար մրցանակի արժանացավ
«Անտարես» հրատարակչությունը:
Հրատարակչության գլխավոր խմբագիր
Արքմենիկ Նիկողոսյանն ասաց. «Երբ գալիս ես մրցանակաբաշխության, և սիրտդ չի տրոփում
«Բեսթսելերի հրատարակիչ» անվանակարգը հայտարարելիս, ուրեմն մի բան այն չէ»: Նրա խոսքով՝
վերջին տարիներին մի շարք հրատարակչությունների ակտիվ աշխատանքի շնորհիվ լույս են տեսնում
լավագույն գրքեր, և շահում է ընթերցողը, գրքի որակը: «Այս հարցում նախակարապետներից
մեկը «Արմենպրես»-ի «Երևանյան բեսթսելեր» նախագիծն է, ինչը բարձրացնում է մրցակցության ոգին»,-եզրափակեց խմբագիրը:
«Ժյուրիի հատուկ մրցանակ» տրվեց
«Զանգակ» հրատարակչությանը Օլդոս Հաքսլիի «Չքնաղ նոր աշխարհ» գրքի համար:
«Զանգակ» հրատարակչության թարգմանական
ծրագրերի համակարգող Արթուր Մեսրոպյանը նշեց, որ մրցանակաբաշխությունները կարևոր են,
և ինքն ուրախ է, որ «Արմենպրես»-ը կազմակերպում է այդ միջոցառումը, քանի որ գնահատվում
են հրատարակիչը, գիրքը, և ընթերցողը ևս մեկ անգամ ծանոթանում է հրատարակչությունների
կատարած աշխատանքին, նոր ստեղծագործություններին: «Լավ կլինի, որ նման մրցանակաբաշխությունները
շատ լինեն: Դրանք խթանում են մեր աշխատանքը»,-շեշտեց Մեսրոպյանը և շնորհակալություն
հայտնեց «Արմենպրես»-ին միջոցառման իրականացման համար:
Պատվոգրեր տրվեցին նախագծի
աջակիցներ «ՄԵԳԵՐՅԱՆ ԿԱՐՊԵՏ» ընկերությանը, «ՀԱՅ ԳԻՐՔ», «ԶԱՆԳԱԿ», «ԲՈՒԿԻՆԻՍՏ» գրախանութների
ցանցերին, «ԱՐԱՐԱՏ» և «ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ» հեռուստաընկերություններին:
Նյութի աղբյուրը՝ «Արմենպրես»