
Առաջին մաս
Ի˜նչ էլ լինի, երեխանե˜ր,
Ո՛չ մի դեպքում, երեխանե˜ր,
Վեր չկենաք ու չգնաք
Աֆրիկայում զբոսնելու:
Գորիլաներն ահավոր,
Կոկորդիլոսներն ամեհի
Ձեզ երբեք չեն խնայելու:
Կծելո˜ւ են նրանք ձեզ,
Ծեծելո˜ւ են նրանք
ձեզ:
Չէ˜, չգնա՛ք, երեխանե˜ր,
Աֆրիկայում զբոսնելու:
Ավազակն է Աֆրիկայում,
Թալանչին է Աֆրիկայում,
Չար,
Ելուզակ,
Արյունարբու Բարմալեյն
է Աֆրիկայում:
Նա այլանդակ ու անկշտում՝
Ամբողջ օրը առավոտից
Վազվզում է Աֆրիկայում,
Որ մանուկներ գտնի,
ուտի:
Ե՛վ հայրիկը, և՛ մայրիկը
Ծառի տակ նստել,
Ե՛վ հայրիկը, և՛ մայրիկը
Ասում են այսպես.
«Ահավո˜ր է Աֆրիկան,
Վտանգավո˜ր է Աֆրիկան,
Երեխանե˜ր, ոչ մի դեպքում
դուք Աֆրիկա չգնաք»:
Բայց հայրիկը և մայրիկը
ննջեցին մի պահ,
Եվ մեր Տանյան ու մեր
Վանյան Աֆրիկա փախան:
Ա˜ֆրիկա:
Ա˜ֆրիկա;
Ի˜նչ երկիր է, մե˜ծ
ու լա˜վ,
Որքան ասես՝ թո˜ւզ,
արմա˜վ.
Ա˜յ քեզ Աֆրիկա,
Հրա˜շք Աֆրիկա:
Մի ռնգեղջյուր թամբեցին,
Զբոսնեցին, ճամփեցին.
Ա˜յ քեզ Աֆրիկա,
Հրա˜շք Աֆրիկա:
Փղերի հետ խելացի
Իծաշարուկ խաղացին,
Ա˜յ քեզ Աֆրիկա,
Հրա˜շք Աֆրիկա:
Նրանց դեմ ելավ գորիլան,
Եվ այսպես ասաց գորիլան,
Ա˜խ, գորիլան, գոռգոռիլան,
Այդ կապիկը մեծաբերան.
«Ծովի խորքում Կարակուլա
Շնաձուկը մարդակեր
Երախը բաց սպասում
է,
Սոված-ծարավ սպասում
է,
Չէի՞ք դառնա
Նրան կեր»:
«Կարակուլա ցմփորին,
ցմփորին,
Կարակուլա լղպորին,
լղպորին,
Մենք կխփենք ճիշտ փորին,
Որ դաս լինի բոլորին,
բոլորին»:
Շնաձուկը սարսափեց,
Երկտակվեց ու խորտակվեց:
Տե˜ղն է, տե˜ղն է քեզ,
շնաձուկ, դաս լինի թող քեզ:
Սակայն ահա ճահիճներով,
սրտաճմլիկ ճիչերով,
Գետաձին է գալիս լալով,
աղմկելով ու ողբալով:
Տանյան, Վանյան քրքջում
են,
Ձեռ են առնում ու ճչում
են.
«Փոր է, հա˜, փոր է,
հա˜,
Չէ՛, չէ՛, ի՞նչ փոր,
Հո˜ր է, հա˜»:
Իսկ գետաձին վիրավորվեց,
Նեղացավ,
Փախավ, գնաց մեծ բուրգերից
էլ
Անցավ,
Լաց է լինում ու կանչում
է
Բարձրաձայն.
«Բարմալե˜յ, Բարմալե˜յ,
Բարմալե˜յ:
Թե քնած ես, շուտ արթնացիր,
քնից ե˜լ,
Այս զզվելի մանուկներին
արի կե՛ր,
Սրանց երբեք էլ մի
խղճա Բարմալե˜յ»:
Երկրորդ մաս
Տանյան, Վանյան վհատվեցին,
Բարմալեյին նկատեցին,
Նա քայլում էր առաջ
ու հետ,
Երգում Աֆրիկայով մեկ.
«Արնախո˜ւմն եմ ես,
Անզիջո˜ւմն եմ ես,
Չա˜ր, ավազա˜կ,
Արյունարբու Բարմալե˜յն
եմ ես:
Մարմելադն իմ ինչի՞ն
է պետք,
Շոկոլադն իմ ինչի՞ն
է պետք,
Ես սիրում եմ փոքրի˜կ,
փոքրի˜կ
(Այո՝ փոքրիկ
մանուկներ)»:
Նա աչքերն է շողացնում
իր ահավոր,
Ատամներն է կրճտացնում
իր ահավոր,
Նա խարույկ է վառում
մեծ ու ահավոր
Եվ գոռում է, գոռգոռում
է ահավոր.
Սրանց կուտեմ ես վռազ»:
Մանուկները արտասվում
են,
Արտասվում ու աղերսում
են.
«Մեր սիրելի Բարմալե˜յ,
Խնդրո˜ւմ ենք՝ գթա˜:
Մեր փոխարեն՝ ի˜նչ
ուզես,
Մերոնք քեզ կտան:
Մայրիկից մեր սիրելի
Չենք փախչի մենք էլ,
Չենք կամենա Աֆրիկա
Գալ ու զբոսնել:
Ա˜խ, սիրելի մարդակեր,
Խնդրում ենք՝ գթա˜:
Մենք քեզ անուշ կոնֆետներ,
Համո˜վ թեյ կտանք»:
Մարդակերը բարձրագոչ
ասաց՝ ո-ո-ո˜չ:
Եվ ասաց Տանյան Վանյային.
«Հապա նայի՛ր, լա՛վ
նայիր,
Ինչ-որ մեկը աերոպլանով
Օգնության է մեզ շտապում:
Ճի˜շտ է, ճի˜շտ է,
Դա բժիշկն է,
Մեր լավ բժիշկ,
Բարի բժիշկ Այբոլի˜տն
է»:
Բարի բժիշկ Այբոլիտը
Մոտ է վազում փոքրիկներին,
Համբուրում է նրանց
մեկ-մեկ
Եվ չարագործ Բարմալեյին
Ասում է մեղմ ժպտալով.
«Խնդրո˜ւմ եմ ձեզ խոնարհաբար,
Բարմալե˜յ իմ սիրելի,
Ազատեցեք այս փոքրերին
Թոկերից ու պարաններից»:
Բայց չարագործ Բարմալեյը
անմիջապես
Այբոլիտին նետում է
բորբ խարույկի մեջ:
Եվ այրվո˜ւմ է, և ճչո˜ւմ
է Այբոլիտը,
Մեր բարի ու շա˜տ սիրելի
Այբոլիտը…
Իսկ մանուկները, ծեծված,
կապկպված,
Բարմալեյին են նայում
սարսափած,
Հե չե˜ն լալիս, հո
չե˜ն լալիս, հո չե˜ն լալիս:
Երրորդ մաս
Ահա Նեղոսի կողմերից
Գորիլան է երևում,
Կոկորդիլոսին թևանցուկ
Շտապում է ու հևում:
Այբոլիտն է ասում բարի.
«Կոկորդիլոս ջան, մոտ
արի,
Խնդրում եմ քեզ մարդավարի,
Պատժիր դու այս Բարմալեյին,
Չար ու դաժան Բարմալեյին,
Որ ավազակն այդ ագահ
Բամփ չանի,
Համփ չանի
Այս պուճուրիկ մանուկներին»:
Կոկորդիլոսը ծիծաղեց,
Բամփ արեց
Ու չարագործ Բարմալեյին
Համփ արեց:
Ուրախացան մանուկները,
հիացան,
Պար բռնեցին ու երգեցին
միաձայն.
«Դու մեզ,
Դու մեզ
Մահվան ճանկից
Ազատեցիր իրոք:
Բարո˜վ եկար,
Բարո˜վ տեսանք
Հերո˜ս կոկորդիլոս»:
Կոկորդիլոսի փորի մեջ
Նեղվա˜ծք է, մո˜ւթ
է, տխո˜ւր,
Կոկորդիլոսի փորի մեջ
Բարմալեյն է թնկթնկում.
«Այս ի՞նչ եղավ…
Այս ի՞նչ արի…
Մի՛ սպանեք, մի՛ չարչարեք…
Խոստանում եմ, որ կդառնամ
Ձեզ պես բարի˜, բարեհա˜ճ
ու բարեգո˜ւթ»:
Մանուկները Բարմալեյին
կարեկցեցին,
Կարեկցանքով կոկորդիլոսին
խնդրեցին.
«Թե նրա սիրտը փափկել
է իրոք,
Եվ բարություն է անելու
առատ,
Արձակիր նրան, կտանենք
սիրով,
Կտանենք սիրով մեզ
հետ Լենինգրադ»:
Կոկորդիլոսը գլխով
անում,
Իր մեծ երախն է բաց
անում,
Եվ այնտեղից դուրս
է գալիս անմիջապես
Բարմալեյը անչա˜փ բարի
ու ժպտերես.
«Ուրա˜խ, երջանի˜կ
եմ ես էլ,
Որ Լենինգրադը կտեսնեմ:
Դե, Բարմալե˜յ, դու
պարի˜ր, դու պարի˜ր:
Այսուհետև լինելու
ես մի˜շտ բարի, մի˜շտ բարի
Խոստանում եմ ձեզ,
մանուկնե˜ր անուշի˜կ, անուշի˜կ,
Գաթա˜, նազո˜ւկ, թելանո˜ւշ
ու լա˜վ բիշի, լա˜վ բիշի,
Շուկաների աղմուկը
ինձ կօրորի˜, կօրորի˜,
Կբաժանեմ, ձրի կտամ
բոլորի˜ն, բոլորի˜ն,
Իմ պատրաստած թխվածքները
ամենալա˜վ խմորից:
Իսկ մեր Տանյան
Եմ մեր Վանյան
Կստանան, երբ կամենան
Նկանակնե˜ր ու կուտապնե˜ր,
Համովնե˜րը ամենա:
Դե մո˜տ եկեք,
Աճապարե˜ք,
Ոչ մի կոպեկ մի վճարեք,
Որովհետև Բարմալեյը
Փոքրերին շատ է սիրում:
Բարմալեյը շա˜տ է սիրում,
Շա˜տ է սիրում,
Փոքրերին շա˜տ է սիրում»:
Թարգմանությունը՝ Յուրի Սահակյան
Տես նաև Չուկովսկի Հեքիաթներ